Ընդդիմադիր շարժումը ձախողեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստին. Արխիվային լուսանկար
Վարչապետի կարծիքով՝ այն գաղափարախոսությունը, որ ՔՊ-ն ձևակերպել է մոտ 2 տարի առաջ, իրականում ժողովրդի մտածածն է, իրենք պարզապես ձևակերպել են այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում հերթական ընդդիմադիր շարժումը ձախողեց, որովհետև իրական Հայաստանը՝ որպես գաղափարախոսություն հաստատվում է ՀՀ-ում և ընկալվում է ժողովրդի կողմից։ Հանքավանում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովում ասել է ՀՀ վարչապետ, ՔՊ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Զարմանալի է, թե ինչպես կարող էր ժողովուրդը այսքան արագ ընկալել այդ գաղափարախոսությունը, որը կառավարող մեծամասնության, այսինքն՝ մեր կողմից լիարժեք և ամբողջականորեն որդեգրվել է ընդամենը տարիուկես-երկու տարի առաջ»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ քաղաքական նոր ստեղծված գաղափարախոսությունն ընկալելու համար տևական ժամանակ է պետք։ Կարծում է՝ Հայաստանի ժողովուրդն այսքան արագ է ընդունել, որովհետև այդ գաղափարախոսությունը ոչ այնքան ՔՊ-ի կամ կառավարող մեծամասնության, այլ հենց ժողովրդի գաղափարախոսությունն է։
«Ի վերջո Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածն ու այն ձևակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն։ Ժողովուրդը ոչ թե այդ գաղափարախոսություն օբյեկտն է, այլ սուբյեկտը»,- կարծում է վարչապետը՝ հավելելով, որ կառավարող մեծամասնությունը ժողովրդի, այսպես ասած, խոսնակն է։
Ըստ նրա՝ սա առաջին անգամ է, որովհետև միշտ հակառակն է եղել՝ կառավարությունն է եղել ժողովրդին ասողը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլի 10–ին կառավարության 2023 թ. կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Դրանից հետո Բագրատ սրբազանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են, շարժումն ավելի մասշտաբային կլինի։