Ճտերն աշնանն են հաշվում․ Բագրատ սրբազանը պատասխանել է Փաշինյանին

Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու մոտ
Սրբազանը հայտնեց, որ ուրբաթ օրվանից մարզային հանդիպումների են գնալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ոչ թե ընդդիմադիր շարժում, այլ ազգային-ազատագրական, Սուրբ Աննա եկեղեցու բակում հրավիրված հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Փաշինյանն այսօր ՔՊ քաղաքական խորհրդի հանդիպման ժամանակ ասել էր, թե ընդդիմադիր շարժումը ձախողել է, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը
«Էն ճտերի մասին պատմությունը գիտե՞ք, որ վերջում հաշվում են․․․ Ճտերն աշնանն են հաշվում։ Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով։ Իրենց ծրագիրը Հայաստանը վերջնականապես տապալելն է, մեր ծրագիրն էլ ոչ միայն դա թույլ չտալն է, այլև իրենց հեռացնելն է»,- նշեց սրբազանը։
Ինչ վերաբերում է նրան, թե շարժումը մարել է, սրբազանը նշեց՝ ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է, իրենք օրը մի հազար հանդիպում եք ունենում, հո ամեն ինչի մասին չեն հայտարարելու։
«Մենք սխալներ էլ կունենանք, ճիշտ բաներ էլ կունենանք, վերելքներ էլ, վայրէջքներ էլ կունենանք, բայց դա ճանապարհ է»,-ասաց Բագրատ սրբազանը՝ նշելով, որ երբեմն պետք կլինի ճահիճների ու ցեխերի միջով, անձրևի ու կարկուտի տակ էլ քայլել, բայց դա մեր ընտրած ճանապարհն է։
Այն, ինչ մենք սկսել ենք, ավարտին պետք է հասցնենք, դա անհրաժեշտություն է։
Սրբազանը հայտնեց, որ ուրբաթ օրվանից մարզային հանդիպումների են գնալու։ Նա նաև առաջարկեց երկուշաբթի և հինգշաբթի օրերին հանդիպումներ ունենալ Սուրբ Աննայի մոտ աշխատանքների ընթացքի մասին խոսելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Դրանից հետո Բագրատ սրբազանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են, շարժումն ավելի մասշտաբային կլինի։