ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հունիսի 12-ին ոստիկանության ծառայողների` ԱԺ շենքի մոտ նետած լուսաձայնային նռնակներից ձեռքի մատները կորցրած Եսայի Քարամյանին երկրորդ անգամ կվիրահատեն։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է նրա կինը` Նաիրա Սահակյանը և մանրամասներ հայտնել ամուսնու առողջական վիճակից։
«Առաջ ենք գնում։ Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի ձեռքերի վրա։ Ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն է լինելու, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա։ Բժիշկները իրենց գործը լավ են անում։ Իհարկե, աջ ձեռքի ֆունկցիոնալությունը ետ չենք բերի, բայց չենք հուսահատվում»,–գրել է նա։
Ավելի վաղ Նաիրա Սահակյանը գրել էր, որ բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատներից երկուսը հավաքել։ Նա նշել էր, որ ամուսնու ձախ ձեռքը ևս վնասված է ափի հատվածում, բացի այդ, մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր, բեկորային վնասվածներ են, այրվածքներ։
Նա բացատրել էր, որ Եսային վերցրել է նռնակը, քանի որ այդ պահին կողքին մի քանի նռնակներ են պայթել, մտածել է, որ պայթած նռնակի մաս է վերցնում, փորձել է մարդկանց ոտքի տակից հանել։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։