ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Էգոյանն այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան կայացավ նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում, 21-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է։
«Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլև փառատոնի ընթացքում՝ որպես «երևանյան պրեմիերա»»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։
Հիշեցնենք` «Ոսկե ծիրանն» այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Նշենք նաև, որ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: