Արաբական մի շարք երկրներ ողջունել են Պաղեստինի պետությունը ճանաչելու` Հայաստանի որոշումը

Երևանի որոշմանն աջակցել են Եգիպտոսը, Կատարը, Լիբանանը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Քուվեյթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արաբական մի քանի երկրներ ողջունել են Հայաստանի` Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը։
Հայտնել ենք, որ հունիսի 21–ին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատի Միրզոյանի հետ, որի ընթացքում Սաֆադը ողջունել է Հայաստանի` Պաղեստինի պետության ճանաչման որոշումը։ Նա ընդգծել է, որ դա միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ է։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ընդգծվել է, որ նման որոշումը կարևոր քայլ է, որն աջակցում է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհին։
Գերմանիայի իշխանությունները դեռ չեն պատրաստվում ճանաչել Պաղեստինը. Շոլց
Եգիպտոսի ԱԳՆ-ն ևս ողջունել է Հայաստանի Հանրապետության որոշումը` համարելով, որ պետության ճանաչումը կարևոր քայլ է, որն աջակցում է պաղեստինցի ժողովրդի՝ իսրայելական օկուպացիային վերջ դնելու և անկախ պետության ստեղծման իրավունքի օրինականությանը։
Լիբանանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումն արտացոլում է Հայաստանի հավատարմությունը ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը որոշելու իրավունքի սկզբունքներին։
Կատարի Պետությունը ևս կարևոր քայլ է որակել Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի պետության ճանաչումը: Նշվել է, որ այդ որոշումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։
Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողություններն անվանել է ողջ լուսավոր աշխարհի պատերազմ
Օմանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը հետևել Հայաստանի օրինակին՝ Պաղեստինի ժողովրդի՝ սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքները պաշտպանելու համար։
Նմանատիպ հայտարարություն է արել նաև Քուվեյթի ԱԳՆ-ն։
Նշենք, որ այս տարի Պաղեստինը ճանաչել են նաև Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։