Այս օրերին ավելի շատ հանդիպումներ եմ ունեցել, քան շարժման 45 օրերին. Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանի խոսքով` հանդիպումները եղել են նաև քաղաքական գործիչների հետ, սակայն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ կամ հեռախոսազրույցներ չեն եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վերջին օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել։ Այս մասին նա Մանկական այգում երիտասարդների հետ հանդիպումից առաջ հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
«Այս օրերին ավելի շատ հանդիպումներ եմ ունեցել, քան շարժման 45 օրերին»,–ասաց Բագրատ սրբազանը։
Նա ասաց, որ այդ հանդիպումները եղել են նաև քաղաքական գործիչների հետ, սակայն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ կամ հեռախոսազրույցներ չեն եղել, ապա բարձրացավ բեմահարթակ, որի մոտ արդեն նրան էին սպասում բազմաթիվ երիտասարդներ։
Ավանդույթի համաձայն` Բագրատ սրբազանը հանդիպումը սկսեց աղոթքով, ապա երիտասարդներին կատակով կոչ արեց ավելի ակտիվ լինել.
«Շատ լուռ եք էսօր. կրակը ոնց որ ուրիշ տեղ եք տարել, Պրոմեթևսին կանչե՞նք»։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Դրանից հետո Բագրատ սրբազանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են, շարժումն ավելի մասշտաբային կլինի։