ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով Եվրամիությունն ուսումնասիրում է բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ այցերի դադարեցման հնարավորությունը՝ որպես անհապաղ միջոցառումների մաս, հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով ներքին փաստաթղթի նախագծին։
«Անհապաղ կարճաժամկետ միջոցառումների շրջանակներում փաստաթղթով առաջարկվում է դադարեցնել բարձր մակարդակի երկկողմ այցերը... քննարկումների, բանակցությունների և երկկողմ համաձայնագրերի ստորագրման դադար՝ որպես անմիջական արձագանք ներկա իրավիճակին», - ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ում նաև ուսումնասիրում են ասոցացման համաձայնագրով նախատեսված հանդիպումների և գործողությունների դադարեցման հնարավորությունը՝ որպես անհետաձգելի միջոցառումների մաս։
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը:
Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը: