ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի արդյունքներով կարող է 7,5 տոկոս կազմել։ Տեղեկությունը նշված է Եվրասիական զարգացման բանկի 2024-26 թվականների մակրոտնտեսական կանխատեսման մեջ։ Կանխատեսման նախորդ տարբերակում բանկը 5,7 տոկոս ցուցանիշ էր նշում։
ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ գնաճը Հայաստանում (որն այժմ կազմում է մոտ 0 տոկոս) տարեվերջին կհասնի 1,5 տոկոսի, քանի որ ապրանքների և ծառայությունների պահանջարկը հանրապետությունում կաճի նախկինում կուտակված խնայողությունների և սպառողական վարկերի աճի հաշվին (այդ թվում՝ հիփոթեկով ձեռք բերվող բնակարանների կահավորման համար, - խմբ.): Վերջին գործոնի հաշվին բնակչության վարկերի ընդհանուր պորտֆելը հունվար-ապրիլին աճել է 20%-ով (2023-ի նույն ամիսների համեմատ)։ Դրա հաշվին հունվար-ապրիլին առևտրի շրջանառությունն աճել է գրեթե 27%-ով։
Ուժեղ աճի տեմպը (նույնպես գրեթե 27%) ցույց է տալիս արդյունաբերությունը: Տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշից (+13,2% հունվար-ապրիլին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ) 5%-ից մի փոքր ավելին բաժին է ընկել արդյունաբերությանը։
Ճիշտ է, այստեղ աճը անհամաչափ էր և հիմնականում կենտրոնացած էր ոսկերչական արդյունաբերության վրա, մինչդեռ արդյունաբերության մնացած հատվածները թույլ էին աճում։ Վերլուծության մեջ նշված է, որ աճի նման անհավասարությունը ռիսկեր է ստեղծում դրա կայունության համար։
Ինչ վերաբերում է հայկական դրամին, ապա այն կարող է ամրապնդել դրամական փոխանցումների ներհոսքը (2023-ի համեմատ դրանք փոքր-ինչ նվազել են, բայց 2022-ից հետո մնում են շատ ավելի բարձր, քան նախկինում), ինչպես նաև արտահանումը (եթե դրան չանդրադառնան վերը նշված ռիսկերը) և զբոսաշրջիկների ներհոսքը։ Սակայն այս գործոններից որևէ մեկի դանդաղումը կարող է նվազեցնել դրամի փոխարժեքը։
2025-26 թվականներին բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի վերադարձ երկարաժամկետ ներուժին (որը գնահատվում է տարեկան մոտ 5%)՝ երկրի հիմնական առևտրային գործընկերների մոտ տնտեսական աճի որոշակի սառեցման հաշվին։ Այդ գործոնին կարելի է դասել Չինաստանի տնտեսության դժվարությունները, որը գնում է հայկական հումքային արտահանման զգալի ծավալը (պղնձի խտանյութ), ինչպես նաև էներգակիրների համաշխարհային պահանջարկի նվազումը, որը կազդի Ռուսաստանի տնտեսության վրա։