ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր հանդիպել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Անդրադառնալով Արցախի հարցին՝ Արամ Ա–ն շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը` միջազգային հովանավորության ներքո և հիշեցրել Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականի մասին։
«Այս հարցով Արամ Ա–ն խնդրել է Իրանի միջամտությունը` նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունն ու բարիդրացիական հարևանությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լիբանանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գտնվում է 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թ. ագրեսիայի հետևանքով։
Բաքվի բանտերում բացի հասարակ քաղաքացիներից, գտնվում են նաև Լեռնային Ղարաբաղի երեք նախկին առաջնորդներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը: