ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Արդեն չորրորդ անգամ Հայաստանում կազմակերպվում է Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի հուշամրցաշարը։ Այս պատմությունը սկսվել է 2021թվականին՝ պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկի՝ 44-օրյա պատերազմում զոհվելուց հետո։ Հայաստանի ջրագնդակի հավաքականի 18-ամյա ավագն ԱԹՍ-ի հարվածից զոհվեց պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերը 27-ին, Մարտակերտում։
Միակ զավակին կորցնելուց հետո նրա հայրը՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանը, որին բոլորն ընկեր Համիկ են ասում, մխիթարություն ու կյանքի իմաստ սկսեց որոնել որդու հիշատակը վառ պահելու գործում։ Այդպես նրա անվան հուշամրցաշար հիմնադրեց, որն անցկացվում է ամեն տարի հունիսի 17-ին՝ Հենրիկի ծննդյան օրը։ Այս տարի Հենոն 22 տարեկան կդառնար։ Խորհրդանշական կերպով նրա 22 ընկերները հուշամրցաշարի հաղթական գավաթը նրա հարազատ դպրոցից քայլերթով բերեցին մրցաշարի անցկացման վայր։
Ընկեր Համիկը
© Sputnik / Aram Nersesyan
Բացումը կատարեց 2 ձեռքերը կորցրած զինհաշմանդամ Գարիկ Միքայելյանը՝ 100 մետր լողալով։
Գարիկ Միքայելյան
© Sputnik / Marianna Paytyan
Այս 4 տարիների ընթացքում հուշամրցաշարը ոչ միայն հայտնի, այլև ավելի ընդգրկուն դարձավ։ Եթե նախկինում մրցաշարն ընդամենը 2 օր էր տևում, ապա այս տարի` 5 օր։ Մասնակցում են ջրագնդակի 7 ակումբներ։ Ընդ որում` այս տարի առաջին անգամ նաև տարիքային բաժանում է արվել՝ մինչև 2008 թվականը ծնվածներ և 2008-ից հետո՝ երիտասարդական և պատանեկան թիմեր։
Այս տարի հյուրեր ունեն նաև Կրասնոդարից և Գլենդելից։ Բացի այս հուշամրցաշարից, տարվա ընթացքում տարբեր առաջնություններ են կազմակերպվում մարզերում։
Ընկեր Համիկն ուրախությամբ ասում է՝ այս ամենի շնորհիվ ջրագնդակի հանդեպ հետաքրքրությունն էլ է մեծացել։
«Այս տարիներին ինձ սա է ուժ տվել։ Հենց տարին սկսվել է, սրանով եմ զբաղվել։ Իմ ուշքնումիտքը ջրագնդակի զարգացումն է, տղայիս անունը բարձր պահելը, տղայիս անունով ակումբ էլ է հիմնվել։ Իր ներկայությունը միշտ կա, ամեն երեխայի մեջ իրենից մի բան եմ տեսնում։ Այս ամենն անելու համար ինքն է ուժ տվողը»,- ասում է ընկեր Համիկը։
Նա այս տարվա ձեռքբերումները թվարկելիս առաջինը Պարաջրագնդակի ֆեդերացիայի հիմնադրումն է նշում։ Պարալիմպիկ թիմն արդեն մի քանի տարի է` կա, տղաներն էլ մեծ հաճույքով են մարզվում, բավականին հաջողություններ գրանցում։ Ֆեդերացիայի հիմնադրումը հնարավորություն կտա մեր երկրում զարգացնելու նաև ջրագնդակի պարալիմպիկ ձևը։ Գալիք տարի հուշամրցաշարն արդեն միջազգային է դառնալու։ Հենոյի փոխարեն հիմա հայրն է նրա երազանքներն իրականություն դարձնում՝ Հայաստանում ջրագնդակը զարգացնելով ու ավելի մեծ թվով երիտասարդների այս մարզաձևում ներգրավելով։
4 տարվա սպասումից հետո հրաշքը նաև Հակոբյանների տանն է մոտենում։ Մի քանի ամսից նրանց ընտանիքում նորից մանկան ճիչ կլսվի, և փոքրիկը ծնողներին ապրելու, կյանքի իմաստը վերագտնելու նոր ուժ կտա։
Ընկեր Համիկն ու նրա կինը
© Sputnik / Aram Nersesyan