Ծղրիդները գրոհել են Ճամբարակը. ի՞նչ է պատրաստվում անել էկոնոմիկայի նախարարությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ծղրիդների տարածվածությունը ստուգելու համար մասնագետներ է գործուղել Գեղարքունիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի որոշ հատվածում ծղրիդներ են տարածվել, որոնք գրոհել են այգիները, ուտում են սերմերը, վնասում պտուղները։ Այս մասին հայտնել է «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խումբը և կից տեսանյութ հրապարակել։
Ի պատասխան ծղրիդների տարածման վերաբերյալ հրապարակումների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիք։ Մասնագետները պետք է ճշտեն գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը և մշտադիտարկում իրականացնեն։
«Նախարարության կողմից մարզին անհատույց հատկացվել են բույսերի պաշտպանության միջատասպան միջոցներ՝ ծղրիդների դեմ պայքարի աշխատանքների իրականացման նպատակով։ Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի քիմիական միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը խորհուրդ է տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։