ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակելու է իր հավաքները և չի պատրաստվում նահանջել։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Այս ողջ ժամանակահատվածում մենք օրը մեջ հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում. այն մնալու է մեր սրբազան հավաքի վայրը։ Գաղափարական զրույցներ ենք ունենալու ու տեղեկություններ ենք փոխանցելու միմյանց։ Առաջիկա շաբաթ օրը կլինի մեր երիտասարդական հավաքը, ժամի և տեղի մասին հստակ կասեմ։ Իրենք արյուն են տենչում, բայց մենք այդ հաճույքը նրանց չենք պատճառի։ Երբե՛ք։ Մենք լինելու ենք ավելի կտրուկ, մեր գործողություններն ընդարձակած։ Լինելու ենք վերադասավորված` մասնակցային պատասխանատվությամբ բոլորի կողմից։ Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու։ Մեզ համար նահանջ գոյություն չունի, մենք հաղթանակի կհասնենք»,– ասաց սրբազանը։
Նա ընդգծեց` իրենք պատկերացնում են, որ սեփական ժողովրդի դեմ նռնակ կիրառած իշխանությունը հեշտ հեռացող չէ, բայց հաստատ հեռացող է։ Բագրատ սրբազանը համոզված է` այն լայն քաղաքական դաշտի համախմբումը, որ կա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շուրջ, թույլ չի տա, որ այն որևէ կերպ քչանա կամ տապալվի։
Նա վստահեցրեց` պայքարը շարունակվում է նոր ավյունով, նոր դեմքերով, նոր եռանդով և նոր եղանակով։
«Մեր շարժումը չպետք է սահմանափակվի միայն Երևանի փոքր կենտրոնով։ Առաջիկա օրերին կայցելենք նաև մարզեր, նաև այն վայրեր, որտեղ ծառայել եմ։ Մեր շարժումը պետք է ծավալվի ամբողջ Հայաստանի տարածքով»,– ասաց սրբազանը։
Շարժման կողմնակիցները նախատեսում են փոքր խմբերով այցելել մարզեր։
Հիշեցնենք` հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։