Ձերբակալությունների 2-րդ ալիքն է սկսվել, 8-ից 5-ն արդեն կալանավորվել են. Ռուբեն Մելիքյան

Բախումներ Բաղրամյան պողոտայում
Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Տեսագրությունների հիման վրա սկսվել է ձերբակալությունների երկրորդ ալիքը, ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ձերբակալվել ու դատարան է ներկայացվել 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում.
Կարմեն Մնացականյան - 1 ամիս
Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս
Լևոն Սաֆարյան - 2 ամիս
Արմենակ Խաչատրյան - 2 ամիս
Ավետիք Ջիլավյան - 1 ամիս
Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները (Տիգրան Սարիբեկյան, Սամվել Բաղդասարյան, Նարեկ Պետրոսյան) կհրապարակվեն այսօր՝ հունիսի 16-ին։

«Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյուսը՝ փետի կտոր։ Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված»,-նշված է գրառման մեջ։

Ռուբեն Մելիքյանը նաև հայտնել է, որ հունիսի 15-ին ազատ են արձակվել հունիսի 12-ի գործով բոլոր ձերբակալվածները։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։