Վեճը ծագել է գինու փառատոնի ժամանակ. Երևանում տեղի ունեցած սպանության մանրամասները

Դանակահարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, տեղափոխվել քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք։
Sputnik
Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած սպանությունից առաջ երիտասարդների միջև վիճաբանություն է եղել գինու փառատոնի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` ներկայացնելով հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Մի քաղաքացի զանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում մի արնաշաղախ երիտասարդ է ընկած գետնին:
Իրավապահները պարզել են, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել են, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին:
Նրանցից մեկը` Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում հաշվառված 19-ամյա երիտասարդը, մահացել է հիվանդանոցում։
Ոստիկանները պարզել են, որ միջադեպի երրորդ մասնակիցը Գորիս քաղաքում հաշվառված 24-ամյա մի երիտասարդ է:
Ըստ նախնական տվյալների` երիտասարդների միջև վեճը ծագել է գինու փառատոնի ժամանակ, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն է արել բարձրաձայն հայհոյելու համար: Այդ պահին հաջողվել է զարգացումը կանխել, սակայն երբ ավելի ուշ նրանք կրկին հանդիպել են Մաշտոցի պողոտայում, վեճը կրկին բորբոքվել ու վերաճել է առանձնապես ծանր հանցագործության:
Հունիսի 12-ին դանակահարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, տեղափոխվել քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են: