Այլևս չի կարելի կասկածել. Ռուսաստանի հայերի միությունը սատարում է Բագրատ սրբազանին

Արա Աբրահամյանի խոսքով` իշխանափոխությունն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և առաջնորդ Բագրատ սրբազանին։ Միության նախագահ Արա Աբրահամյանն այդ մասին հայտարարեց «Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» թեմայով քննարկման ժամանակ։
Նշենք, որ մեկ հարկի տակ հավաքվել են Ռուսաստանի 50 համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներ` քննարկելու երկրում ստեղծված բարդ իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները։
«Բագրատ սրբազանը եկել է և այս շարժման միջոցով ասում է, որ ինքը (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ.) հրաժարական տա։ Ինքն էլ պետք է ասեր, որ իր մոտ չստացվեց ու գնում է։ ՀՀ նախկին իշխանություններին էինք մեղադրում, բայց հիմա ավելի վատ է, ինքն էլ (Փաշինյանը) հայ ժողովրդին չի սիրում։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք դեռ շարունակում ենք կասկածել ու վախենալ, իսկ ինքն էլ թափ է տալիս պլաստմասսայով ու հայտարարում` սա է Հայաստանը։ Մենք ունենք քարտեզ, բարի եղիր, բացիր այն և բացատրիր, թե ինչ է կատարվում։ Հայաստանը միակողմանի զիջումների է գնում։ Ինչքա՞ն կարելի է բարի կամք դրսևորել»,– ասաց Աբրահամյանը։
Նա կոչ արեց ոստիկանությանը բռնություն չկիրառել և չխանգարել շարժմանը, քանի որ իշխանափոխությունն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց: Աբրահամյանը նշեց` եկել է պահը, երբ հայերը պետք է սկսեն նոր և ուժեղ Հայաստանի կառուցումը` մոռանալով ձախողումները և ներելով անցյալի սխալները:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։