ՀՀ ԱԱԾ–ն պահանջում է, որ արցախցիները չմասնակցեն հավաքներին. փաստաբան

Ռոման Երիցյան
Ռոմանոս Երիցյանը վստահեցնում է, որ նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պահանջում է, որ արցախցիները չմասնակցեն Հայաստանում անցկացվող հավաքներին։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ըստ Երիցյանի` նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում են հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի։
Հայաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։