Ոստիկանների կատարած բռնությունների ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է. պատգամավոր

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանը վստահեցնում է` ոստիկանության գործողությունները եղել են ոչ օրինաչափ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների կատարած բռնությունների ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով` վարչապետը ԱԺ ամբիոնից ուղիղ ցուցում տվեց և քաջալերեց այն ոստիկաններին, որոնք բռնություններ են կիրառում քաղաքացիների նկատմամբ։
«Մարդկային տեսակետից անհասկանալի է էս մարդու վարքագիծը, փաստորեն նա հաճույք է ստացել նախկինում, երբ ոստիկանները իր նկատմամբ բռնություն են կիրառել։ Հասկանո՞ւմ եք` դա մարդու որակի մասին է խոսում։ Եթե նախկինում իրեն ծեծել են ու նսեմացրել, դա իրեն հաճելի է եղել, հիմա էլ ասում է` սպասի որպես իշխանություն ես էլ ժողովրդին էս վիճակի մեջ դնեմ»,– ասաց Մինասյանը։
Նա ընդգծեց, որ ոչ միայն հունիսի 12-ին, այլ նաև դրանից առաջ տեղի ունեցած երթերի ու ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները եղել ոչ օրինաչափ` սկսած քաղաքացիների ու ԱԺ պատգամավորների նկատմամբ խոշտանգումներից, ավարտած հունիսի 12-ին կիրառած հատուկ միջոցներով։
«Ապօրինի զանգվածային անկարգություններ կազմակերպելու վարույթը իրականում պետք է գլխիվայր շուռ տված վարույթ լիներ, պետք է լիներ սահմանադրական կարգի տապալումը` լիազորությունների անցմամբ` քաղաքացիներին առանձնապես ծանր վնասվածքներ պատճառելը, ընդհուպ մինչև խոշտանգման հիմքով քրեական գործել հարուցելը»,– հավելեց նա։
Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։