ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երևանում ռուս արտահանողների մասնակցությամբ կայացել են երկու գործարար առաքելություններ, որոնք կազմակերպվել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի աջակցությամբ, հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Հայաստան են ժամանել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ Նովոսիբիրսկի մարզից և Ադիգեայի Հանրապետությունից։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել են տասը արտադրական ընկերություններ, որոնք ներկայացնում են արդյունաբերության լայն շրջանակ՝ շինարարական նյութերից մինչև սնունդ և տեքստիլ, ինչպես նաև գինեգործության համար կաղնու տակառներ:
Գործարար առաքելության կազմակերպիչները հարթակ են տրամադրել հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ ավելի քան 80 հանդիպումների համար, ինչը նոր հեռանկարներ է բացել ռուս արտահանողների համար և նպաստել գործարար կապերի հաստատմանը։
«Միջոցառումն ուղղված է ռուսական և հայկական բիզնեսի հարաբերությունների զարգացմանը, ռուսական արտահանման մատակարարումների աշխարհագրության ընդլայնմանը և դրա ծավալների ավելացմանը։ Բիզնես առաքելության ընթացքում անցկացված հանդիպումների քանակը ցույց է տալիս հայկական շուկայի մեծ հետաքրքրությունը ռուսական արտադրանքի նկատմամբ», - նշել է Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։
Ռուսական արտահանման կենտրոնը շարունակում է ակտիվորեն աշխատել ռուս արտահանողներին աջակցելու ուղղությամբ՝ նրանց հնարավորություններ ընձեռելով ընդլայնել մատակարարումների աշխարհագրությունը և ամրապնդել իրենց դիրքերը միջազգային շուկաներում։
Նշենք, որ բիզնես առաքելության կազմակերպմանը մասնակցել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։