ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսը հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մեղադրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԿ մամուլի ծառայությունը։
«Կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը, ըստ ՀԱԿ–ի, ՀՀ իշխանությունները մերժեցին շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։
Բացի այդ, նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հանդես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը։
«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՀԱԿ–ի` հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Շեշտվում է, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։
ՀԱԿ–ը նաև խիստ մտահոգիչ ու դատապարտելի է համարում այն, որ կատարվածից հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և ՀՀ նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չեն արտահայտել տասնյակ վիրավորների համար, այլև անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։