Բժիշկները փորձել են ափը փրկել. ԱԺ–ի մոտ նռնակից վնասվածք ստացած Եսայիի կինը գրառում է արել

ԱԺ շենքի մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսայիի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու առողջական վիճակից և բացատրել, թե ինչու է ամուսինը նռնակը վերցրել գետնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik.Հունիսի 12-ին ոստիկանության ծառայողների կողմից ԱԺ շենքի մոտ նետած լուսաձայնային նռնակներից ձեռքի վիրավորում ստացած տղամարդու վիճակը կայուն է, բայց աջ ձեռքը լուրջ վնասվել է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է նրա կինը` Նաիրա Սահակյանը։
«Բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հավաքել։ Որքանով ֆունկցիան կվերականգնվի, դեռ պարզ չէ։ Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր, բեկորային վնասվածներ են, այրվածքներ։ Կրծքի և թևի հատվածում համեմատաբար խորն են, վրաները կարեր են դրված։ Անկախ ամեն ինչից, Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի»,–գրել է կինը։
Նրա խոսքով` Եսային վերցրել է նռնակը, քանի որ այդ պահին կողքին մի քանի նռնակներ են պայթել, մտածել է, որ պայթած նռնակի մաս է վերցնում, որ մարդկանց ոտքի տակից հանի։
«Կադրերը նայած կլինեք, ակնհայտ երևում է, որ չի շտապում։ Իշխանության որոշ խեղկատակների պնդումները, թե ոստիկանների կողմն էր նետում, ուղղակի զազրելի են։ Ի վերջո մի մոռացեք` այդ նռնակը ով է գցել։ Արժե՞ր, որ վերցներ։ Իհարկե ոչ։ Ավելի զգույշ էր պետք լինել։ Բայց դե երբ կողքդ քաոս է, նռնակներ են պայթում, այդ պահին սառը դատելը դժվար է»,–գրել է նա։
Կինը նշել է, որ իրենց ոչ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են այցելել, ոչ էլ քննչական մարմիններից։Անգամ դատաբժիշկ չի եկել։
«Եսային բանակում ծառայած է։ 44֊օրյայի սկսվելու երկրորդ օրը կամավորագրվել է և մասնակցել պատերազմին առաջնագծում։ Թշնամու դեմ կռվում անփորձանք եկավ, որ Երևանի կենտրոնում սրանց ձեռքով այս օրը գցեն»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։