ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաիրա Սահակյանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել` նշելով, որ իրենց ո՛չ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են այցելել, ո՛չ էլ քննչական մարմիններից։ Անգամ դատաբժիշկ չի գնացել իրենց մոտ։
«Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ աշխատակազմից շտապել են պարզաբանել, որ պարբերաբար տեղեկատվություն են ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քյարամյանի առողջական վիճակի մասին:
Ընդգծվում է, որ ոստիկանության կողմից հատուկ միջոցների (լուսաձայնային նռնակների) կիրառման իրավաչափության հարցը պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնված քննարկման ընթացակարգի շրջանակում ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում։ Ուսումնասիրության արդյունքներով մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։