Արայիկ Հարությունյանը նախարարներին «հրահանգել է» Բելառուս չգնալ. ԶԼՄ

Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ չի պատրաստվում այցելել Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարգադրություն է իջեցրել՝ բացառելով պաշտոնական մակարդակով նախարարների որևէ այցելություն Բելառուսի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Օրաթերթը հրապարակել է Արայիկ Հարությունյանի կարգադրության լուսանկարը ՝ ուղղված պետական մարմինների ղեկավարներին և նախարարներին:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից 2–ը մասնակցել են հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը, բայց չէր նշել, թե կոնկրետ որ երկրները։
Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին