ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած բախումների մասնակիցներից 2-ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ խուլիգանության դեպքի վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։
Ըստ ՔԿ-ի` մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած ակցիայի ժամանակ մի խումբ անձինք, այդ թվում` Վայոց Ձորի 27 և 20–ամյա բնակիչները, Սյունիքի մարզի 39–ամյա բնակիչը, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ անտեսել են ոստիկանների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, հայհոյել, շիշ և տարբեր առարկաներ նետել նրանց ուղղությամբ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։
ՀՀ ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնեց, որ ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել։ Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից 27–ն ազատ են արձակվել։
Ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հոդվածով։