ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ազգային ժողովում լեզվակռիվ սկսվեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի միջև։ Իրավիճակը լարվեց, երբ Նազարյանը Սիմոնյանին հարցրեց, թե այդ ինչպես է լինում, որ ՔՊ–ական պատգամավորները ԱԺ բոլոր մուտքերով մտնում–դուրս են գալիս, իսկ ընդդիմադիրներն իրավունք չունեն։
«Պարոն Նազարյան, նախ հանգստացեք, մի՛ բղավեք, Հայաստանի մասին մտածելու թեմայով դեռ իրար հետ կզրուցենք, նաև թե դուք ում ցուցակով եք էստեղ հայտնվել ... մի րոպե պատասխանեմ, մի վայրկյան լռի՛` պատասխանեմ, հարց ես տալիս, ինչ պլաստինկեք կա, միացնում ես, մի վայրկյան։ Տրամաբանություն գոյություն ունի։ Ես ասել եմ որևիցէ մեկի մուտքը չի սահմանափակվել, ես դրա մասին ասել եմ նախապես, ասել եմ երեկ։ Ձեր ասածը, թե պատգամավորներն ուզել են Դեմիճյանից մտնել, իրենց թույլ չեն տվել, դա սուտ է»,–ասաց Սիմոնյանը։
Դրանից հետո իրավիճակն էլ ավելի բորբոքվեց, երբ Գեղամ Նազարյանը սկսեց բարձր խոսել և առաջ գալ։
«Գեղամ, ի՞նչ ես անում դու էստեղ, նստի կամ լռի, լռի կամ լքի դահլիճը, ինչ ուզում ես, արա, մի խանգարի։ Եկել, հեքիաթներ են պատմում էստեղ։ Պարոն Նազարյան, լավ, դուք ադեկվա՞տ եք»,– բղավեց Սիմոնյանը։
Նա շարունակեց պնդել, որ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ մուտքի խնդիր չեն ունեցել, ինքը հակառակն ապացուցող որևէ տեսանյութ չի տեսել։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։