Հանել ՀՀ-ի հարցը հունիսյան նստաշրջանից․ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմում են ԵԽԽՎ-ին

ԵԽԽՎ
Ընդդիմադիրները ՀՀ բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին կոչ են անում իրենց հստակ վերաբերմունքն արտահայտել ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչ են անում ԵԽԽՎ-ին հունիսյան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը։ Ընդդիմադիր խորհրդարանականների խոսքով՝ նախապատրաստված նյութերն օբյեկտիվ չեն, չեն արտացոլում մարդու իրավունքների և ժողովրդավարության որակի իրական վիճակը երկրում և էապես խրախուսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։
«Եվրախորհրդի հետագա կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության իրական վիճակին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքների անտեսումը կվարկաբեկի այս կազմակերպության հեղինակությունն ու նշանակությունը»,- շեշտված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիրները դիմում են նաև միջազգային հանրությանը՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները դատապարտելու պահանջով։
Միաժամանակ առաջարկում են ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին ինքնակամ հրաժարական տալ։ Շեշտում են, որ այս կոչին չհետևելը հետագայում դիտվելու է որպես գործողությունները ծանրացնող հանգամանք։
Ընդդիմադիրները նաև կոչ են անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին իրենց հստակ վերաբերմունքն արտահայտել հունիսի 12-ի իրադարձությունների կապակցությամբ։
«Հակառակ դեպքում մենք գտնում ենք, որ նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Փաշինյանի վարչակարգի քաղաքականության համար, համերաշխ են նրա հետ և իրենց գործողություններով ամրապնդում են այն»,- նշված է հայտարարության տեքստում։
Խմբակցությունները ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին հորդորում են աջակել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, որոնք ցանկանում են ներկայիս ռեժիմի հեռացմամբ թևակոխել կայուն խաղաղության և ամուր պետության ժամանակաշրջան։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։