ԱԺ–ի մոտ բախումներից հետո քրեական հոդվածով ձերբակալվածների թիվը հասել է 28–ի. փաստաբան

Ազգային ժողով
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Սուրեն Պետրոսյանին, որը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից է, հայտնաբերել դեռ չի հաջողվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հանցանք կատարելու կասկածով ձերբակալված անձանց թիվը հասել է 28–ի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ 6 անձ Էրեբունու ոստիկանական բաժնում են, 12–ը` Կենտրոնի, 10-ը` Նոր Նորքի։
«Նրանց թվում է նաև Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը, որին բռնության են ենթարկել, ճղել են նրա սքեմը»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Սուրեն Պետրոսյանին, որը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից է, ապա փաստաբանը նշեց, որ նրան հայտնաբերել դեռ չի հաջողվել։
«Այս պահին կարելի է փաստել, որ նա շուրջ 16 ժամ զրկված է իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու իրավունքից, փաստաբանի հետ կապվելու իրավունքից»,– ասաց նա։
Փաստաբանը հավելեց` չի հիշում դեպք, որ որևէ ձերբակալվածի այսքան երկար ժամանակ թույլ չտան գոնե զանգահարել փաստաբանին կամ ընտանիքի անդամներից մեկին։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։