Ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից շուրջ 10 լրագրող է տուժել. հայտարարություն

Երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները, ինչը հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ են տուժել, որոնք իրադարձությունների կիզակետում իրենց մասնագիտական պարտականություններն էին կատարում։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտող հայտարարություն են տարածել։
Նշվում է, որ լուսաձայնային նռնակների պայթյուններից և առաջացած հրմշտոցներից վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, «Armlur.am»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, «ՍիվիլՆեթ»-ի օպերատոր Նարեկ Հայրյանը, «ABC media»-ի լրագրողներ Նանե Հայրապետյանն ու Աղվան Ասոյանը, օպերատորներ Էդիկ Մալաքյանն ու Արման Ղարիբյանը, «Mediahub.am»-ի թղթակից Նարե Գևորգյանը, «AlphaNews»-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։
Բախումների ընթացքում վնասվել կամ կորել են «Փաստինֆո» լրատվականի, PARA TV-ի, «Սպուտնիկ Արմենիա»-ի և այլ լրատվամիջոցների տեխնիկա, մասնավորապես՝ ուղիղ հեռարձակման սարքեր, տեսախցիկներ ու միկրոֆոններ։
Շեշտվում է, որ ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողություններ են արվել։
Մի շարք տեսագրություններում, ինչպես նաև «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարում պարզորոշ երևում է, որ լուսաձայնային նռնակներ նետվել են նաև լրագրողների ու օպերատորների ուղղությամբ։
«Սա հիշեցնում է 2016 թվականի հուլիսին Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանող լրագրողների թիրախավորումը և նրանց նկատմամբ չարդարացված ուժի կիրառումն ու հետապնդումները, ինչը վկայում է, որ ոստիկանության գործելաոճում գրեթե ոչինչ չի փոխվել, և լուրջ կասկածի տակ է դնում հռչակված բարեփոխումների մասին պնդումները»,- նշված է հայտարարության մեջ։
Կազմակերպությունները հավելում են, որ խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները, ինչը հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնության համար։
Նույն օրը նաև Ազգային ժողովում պատգամավորների վիճաբանության ժամանակ անվտանգության աշխատակիցներն ԱԺ օթյակից բռնի ուժով դուրս են հանել լրագրողներին՝ արգելելով նրանց կատարել մասնագիտական պարտականությունները։
Վրանային ավանը հանվում է, 4 օրը լրացավ. Բագրատ սրբազան
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են․
• իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ և հայցել ներողամտություն հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները և միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար,
• Ներքին գործերի նախարարությունից՝ ծառայողական քննություն իրականացնել և վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։
Հայտարարությանը միացել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ - Հայաստան հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։