ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ խստորեն դատապարտել են Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված քայլերը։ Նրանք հայտարարություն են տարածել` նշելով, որ փորձ է արվում լռեցնել հանրության շրջանում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որոնք դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով։
«Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով»,- նշված է հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։Հոգևորականները դիմել են նաև ցուցարարներին՝ գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։
Խորհուրդը դատապարտում է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը եկեղեցուն վերագրելու գործին՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը։
«Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում»,- շեշտվում է հայտարարության մեջ։
Հոգևորականները հավելել են՝ իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։