ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հարկային արտոնությունների համար տարեկան ծախսում է մոտ 680 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 1,74 մլրդ դոլար)։ ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այս թվերը կարելի է գնահատել որպես ծախս, քանի որ այդ արտոնությունների պատճառով երկրի բյուջեն այդքան գումար չի ստանում։ Նախարարն ավելացրեց, որ դա արդարացված կլիներ, եթե այդ բոլոր արտոնություններն իսկապես օգնեին բիզնեսի զարգացմանը, բայց պատասխանն այստեղ միանշանակ չէ։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զարգացած երկրներում վճարված հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ շատ ավելի բարձր է։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2023 թվականին այն կազմել է 23,9 տոկոս և 2022 թվականի համեմատ աճել է 0,7 տոկոսով (այսինքն՝ 0,7 տոկոսային կետով)։ Բայց, օրինակ, Սլովենիայում այդ ցուցանիշը կազմում է 34%, Ֆրանսիայում՝ 46%։ Հետևաբար, նախարարի խոսքով, հարկային արտոնություններն այնտեղ շատ ավելի քիչ են, բայց դա չի խանգարում, որ, օրինակ, ֆրանսիական բիզնեսը շատ ավելի մրցունակ լինի, քան հայկականը։
Պատճառը նաև այն է, որ այդ երկրներում պետությունը հասցեական օգնում է բիզնեսին՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ տեխնոլոգիական սարքավորումների համար: Այնինչ Հայաստանում վերլուծություն չի կատարվել այն հարցի շուրջ, թե արդյոք բիզնեսը հարկերի հաշվին խնայած գումարները ծախսում է նոր տեխնոլոգիաների կիրառման վրա, պարզապես խնայում է դրանք, թե պարզապես վերածում է սեփական շահույթի։
«Եվ հիմա ստացվել է այնպիսի իրավիճակ, որ երբ արտոնությունները մի անգամ հայտարարվում են, հետո երկար տարիներ չեն վերանայվում», - նշեց Հովհաննիսյանը։
Այդ պատճառով, նախարարի խոսքով, պետության խնդիրն է լինելու վերացնել ոչ նպատակային արտոնությունները, իսկ աջակցությունն ուղղել ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։