Շղթայով ու աղբամաններով փակված փողոցներ. Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները

Աղբաման
Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները։ Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ» Telegram–յան ալիքը, վաղ առավոտյան քաղաքացիները շղթայով փակել են Երևանի Մյասնիկյան պողոտան։
Իսկ ոմանք ակցիա են արել Վարդանանց փողոցում` ճանապարհը փակելով աղբամաններով։
Երիտասարդներն անհնազանդության ակցիա են արել նաև Տիգրան Մեծի պողոտայում։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։
ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։
Շարժման առաջնորդ հունիսի 10-ին հայտարարեց, որ իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց թե ինչ է տեղի ունենալու այդ օրը, չցանկացավ ասել։