Այս գիշեր Լոռու մարզում փլուզվել է Քարկոփ համայնքը Ալավերդի քաղաքին կապող ժամանակավոր հետիոտնային կամուրջը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Դեբեդ գետը անցած գիշեր նորից վարարել էր։ Համացանցում կադրեր են հայտնվել, թե գետն ինչպես է քշում կամուրջը։
«Քարկոփ համայնքը Ալավերդիին կապող ժամանակավոր կամուրջը քանդվել է հեղեղումների հետևանքով։ Հիմա սպասում ենք, որ գետը մի փոքր հանդարտվի, որպեսզի վնասված կամուրջը հեռացնենք ու նորը տեղադրենք»,– նշեցին գերատեսչությունում։
Ժամանակավոր կամուրջը կառուցվել էր մայիսի 26–ի հեղեղումներից հետո՝ արտաքին աշխարհի հետ բնակավայրի կապն ապահովելու համար։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։