Երևանում դանակահարություններ են տեղի ունեցել․ կա սպանված և վիրավորներ

Ոստիկանական ավտոմեքենա
Քրեական վարույթներ են նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի կենտրոնում հանգստյան օրերին դանակահարության դեպքեր են եղել, որի հետևանքով կա սպանված և վիրավորներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դանակահարության երկու դեպք է գրանցվել, վարույթներ են նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով»,- ասաց Աբրահամյանը` այլ մանրամասներ չնշելով։
Ըստ shamshyan.com–ի` դանակահարության դեպքերից մեկը գրանցվել է հունիսի 10-ին` ժամը 01:25-ի սահմաններում։ Մաշտոցի պողոտա 43 հասցեում մի խումբ անձինք վիճաբանել են, հայհոյանքներ հնչեցրել, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին, որոնց պատճառել է մարմնական վնասվածքներ:
Ըստ կայքի` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Քոչարյանը, իսկ Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անդրուշ Սարգսյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը մահացել է, բայց թե ով, չի նշվում։