Լևոն Քոչարյանի օգնականի խափանման միջոցը փոխվել է

Արթուր Սուքոյան
Արթուր Սուքոյանը 2 ամիս ժամկետով կալանավորվել էր մայիսի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Դեռ մայիսի 3-ին փաստաբանը հայտնել էր, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սուքոյանի կալանավորման դեմ։
«Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք»,- գրել է Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Արթուր Սուքոյանի և Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն էր եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել էր լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել էր լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։
Միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։ Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Սուքոյանը ձեռքով հարվածել է լրագրողի դեմքին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք, հարվածի հետևանքով նա ընկել է՝ վնասելով ձեռքի տեսախցիկը։
Սուքոյանը 2 ամիս ժամկետով կալանավորվել էր մայիսի 2-ին։