ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ձեռք կբերի ամերիկյան Chainalysis ծրագրային փաթեթը՝ կրիպտոարժույթով (նաև բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված) գործարքների մոնիտորինգի համար։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։
Ծրագրային փաթեթը կարող է վերահսկել ոչ միայն ֆինանսական միջոցների շարժը կրիպտոաշխարհում, այլ նաև գործարքները, որոնք ներառում են ֆինանսական միջոցները կրիպտոարժույթ դարձնելն ու հակառակը:
Սա կօգնի բացահայտել կրիպտոարժույթների միջոցով անօրինական եկամուտները թաքցնելու և դրանք «լվանալու» դեպքերը։
Ծրագրային փաթեթի գնման համար կհատկացվի 85 մլն դրամ (մոտ 218 հազար դոլար)։
Բացի այդ, ՊԵԿ-ը պատրաստվում է ձեռք բերել ևս մի քանի թվային համակարգեր՝ արտաքին առևտրի էլեկտրոնային «մեկ պատուհան» համակարգ (300 մլն դրամ), տաքսու վարորդներից հարկային հայտարարագրեր ստանալու համակարգ (198,5 մլն դրամ):