Գեղարքունիքի մարզպետը սպառնացել է` հանրահավաքին մասնակցեն, աշխատանքից կզրկվեն. «Հրապարակ»

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Հունիսի 5–ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով մեկնել էր Գեղարքունիքի մարզ, ապա հանրահավաք իրականացրել սահմանամերձ Սոթքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երեկ խստիվ արգելել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման` Սոթքում հրավիրած հանրահավաքին, գրում է «Հրապարակ» թերթը։
««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վախճանը գուժող իշխանությունը երեկ իր ունեցած ողջ ռեսուրսով լծվել էր վարդենիսյան այցն ու հանրահավաքը «հարամելու» գործին»,– գրում է թերթը։
«Հրապարակի» տվյալներով` մարզպետը սպառնացել էր, թե հանրահավաքի մասնակիցները կզրկվեն աշխատանքից:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
Նշենք, որ հունիսի 5–ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով մեկնել էր Գեղարքունիքի մարզ, ապա հանրահավաք իրականացրել սահմանամերձ Սոթքում, որտեղ 2022–ից ի վեր թշնամու կողմից օկուպացված տարածքներ կան։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից․ մարզպետ