ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ է մտցնում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նա հայտնել է, որ պատժամիջոցներն առաջին հերթին կառնչվեն խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության անդամների, իրավապահների և մասնավոր անձանց։
«Խոսքը երկու-երեք տասնյակ անձանց մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից չեն ծանուցվի ընդունված որոշման մասին, բայց նրանց կարգելվի մուտք գործել ԱՄՆ–ի տարածք»,– ասել է նա։
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել է Վրաստանը:
Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա։