Շարժայից Երևան ժամանած քաղաքացու ուղեբեռում շուրջ 30 ադամանդանման քար է հայտնաբերվել

Ադամանդներից մեկը հայտնաբերվել է քաղաքացու դրամանապանում, մյուսները` ճամպրուկում դրված տաբատի գոտկամասում։
Sputnik
Շարժա–Երևան չվերթով ժամանած քաղաքացու ուղեբեռում մաքսանենգ ճանապարհով ներմուծված շուրջ 30 ադամանդանման քար է հայտնաբերվել, քաղաքացին ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
««Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում հսկողության է ենթարկվել ՀՀ քաղաքացի Մ․Մ-ն և վերջինիս ուղեբեռը: Հսկողության արդյունքում քաղաքացու դրամապանակից հայտնաբերվել է ադամանդանման թափանցիկ 1 քար, իսկ ճամպրուկի մեջ գտնվող տաբատի գոտկամասի հատվածից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, տարբեր տրամաչափերով ադամանդանման թափանցիկ 28 քար»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերված 29 ադամանդանման թափանցիկ քարի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:
Վերոգրյալի հիման վրա` ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալել և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են տեղափոխել քաղաքացի Մ․Մ․-ին:
Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի (մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն) հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է։