ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը որևէ ապացույց չի գտել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Կրեմլի գործակալ» է և ֆինանսավորում է ստացել Մոսկվայից։
Ավելի վաղ իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հայտարարություն էր տարածել, թե սրբազանը ՌԴ ԱԱԾ–ի գործակալ է, ինչպես նաև միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ԱԱԾ–ն մեկ ամիս ուսումնասիրել է Լևոնյանի հրապարակումները և սոցցանցերում նրա հայտարարությունները։ Ընդգծել են` այդ հրապարակումների առնչությամբ որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ, քրեական վարույթ չի նախաձեռնվել լրագրողի կողմից սուտ մատնության փաստի առթիվ։
Գերատեսչությունից նշել են, որ «սուտ մատնություն» հոդվածով հանցագործության մասին հաղորդում չեն ստացել։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին։