Ինչը կրոնական նպատակ է ենթադրում, չպետք է հարկվի. Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահին այս պահին հայտնի չէ Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու գործընթացի մեկնարկի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանը կարծում է, որ այն, ինչ կրոնական նպատակ է հետապնդում, չպետք է հարկվի։ Նա այդ մասին ասաց ԱԺ –ում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Աշխատում ենք այդ ուղղությամբ. ՔՊ–ական պատգամավորը` եկեղեցու հարկման նախագծի մասին
«Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել: Եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման, այդտեղ խնդիր չկա, իսկ եթե ինչ-որ մի պարագա վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ պետք է հարկվի»,– ասաց Բադասյանը:
Հարցին` արդյոք Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու գործընթացը մեկնարկել է, ՊԵԿ նախագահը պատասխանեց` մեկնարկած որևէ գործընթաց չկա, ամեն դեպքում իրեն հայտնի չէ։
Նա ընդգծեց` եկեղեցում այս պահին էլ կան աշխատակիցներ, որոնք եկամտահարկ են ճարում, բայց եկեղեցու համար հարկային օրենսգրքով որոշակի արտոնություններ են սահմանված։
Եկեղեցուն հարկային արտոնությունից զրկելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է. Դավիթ Անանյան
Հիշեցնենք` ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին հայտարարեց, որ պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։
Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով` 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: