ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության վրա հիմնական բացասական ազդեցությունը թողնում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ապակառուցողական գործունեությունը: Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ այս հայտարարությունն է արել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Շատ առումներով համաձայն եմ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ այսօր հնչած գնահատականների հետ։ Իրադրությունը բարդ է և մեր սևեռուն ուշադրության կարիքն ունի: Իրավիճակի զարգացման վրա հիմնական բացասական ազդեցությունն ունի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ապակառուցողական գործունեությունը», - ասել է Բելոուսովը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը դաշնակիցների հետ հետևողականորեն ոչնչացնում է անվտանգության համաշխարհային ճարտարապետությունը հանուն գլոբալ գերիշխանության պահպանման:
«Միտումնավոր հրահրում են ճգնաժամեր, զինված հակամարտություններ, աջակցում են ահաբեկչական և ծայրահեղական կառույցներին, կիրառում տարատեսակ պատժամիջոցներ, օգտագործում սպառնալիքներ և շանտաժ», - ասել է նախարարը:
Հիշեցնենք` ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստն ընթանում է Ալմաթիում, Հայաստանը չի մասնակցում: