Մայիսի 31-ին մասամբ, իսկ հունիսի 1-ին ամբողջությամբ հրապարակը փակ կլինի մեքենաների համար

Հասարակական տրանսպորտը կգործի մի փոքր փոփոխված երթուղով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 18:00-ն Երևանի Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար մասամբ փակ կլինի, իսկ հունիսի 1-ին` ժամը 18:00-24:00-ն, կփակվի ամբողջությամբ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պատճառը հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի անցկացումն է։
«Մայիսի 31-ին Հանրապետության հրապարակ հասած տրանսպորտային հոսքերը ճանապարհը կարող են շարունակել միայն աջ դարձով՝ դեպի Վազգեն Սարգսյան փողոց: Հետադարձ ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող հոսքերի համար երթևեկության սահմանափակում չի լինի»,– նշված է հաղորդագրությունում։
Այս երկու օրերին Ամիրյան փողոցով անցնող ավտոբուսային հ. 22, 44, 54, 58, 97 և միկրոավտոբուսային հ.75 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով։
Ավտոբուսային հ. 33, 67 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Ամիրյան, Զաքյան, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով: