Լավ մասնագետները երկրից գնացել են, բայց քանդված կամուրջները նորոգելու ներուժ կա. Մինասյան

Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամուրջը նորոգելու համար կառավարությանն ավելի քան 3 տարի պահանջվեց։ Ջրհեղեղից քանդված 17 կամուրջները վերականգնելու հարցով իշխանությունը մտադիր է դիմել միջազգային գործընկերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանն ունի անհրաժեշտ մասնագիտական ներուժ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից քանդված շուրջ 2 տասնյակ կամուրջները վերականգնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ճարտարապետների միության նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Մկրտիչ Մինասյան
Հայտնել ենք, որ մայիսի 26-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետալի հեղեղումների հետևանքով մասնակի կամ աբողջությամբ ավերվել է 17 կամուրջ։ 7 բնակավայրեր կտրվել են Ալավերդի քաղաքից ու ավտոճանապարհից` կամուրջ չունենալու պատճառով։
«Իհարկե, նախ պետք է գույքագրվի, թե կամուրջներից յուրաքանչյուրը որքան է վնասվել, ինչ է մնացել, ինչպես պետք է վերականգնվի։ Բայց ասեմ, որ մենք ունենք անհրաժեշտ մասնագետները` կոնստրուկտորներ, ունենք «Կամուրջշին» կազմակերպություն, որը բավականին փորձ ունի, ասենք` 25–մետրանոց մեծ բալկաներ արտադրելու, որոնք բազմաթիվ տեղերում տեղադրվել են»,– ասել է Մինասյանը` հավելելով, որ, այդուհանդերձ, հարկավոր է լրացուցիչ հասկանալ, թե այսօր այդ ընկերության մասնագիտական ներուժի հագեցվածությունն ինչպիսին է։
Ճարտարապետը նկատում է, որ տարիներ շարունակ կամրջաշինարարների ոչ մեծ պահանջարկի պայմաններում մեծ թվով բարձրակարգ մասնագետներ ստիպված հեռացել են Հայաստանից` աշխատանք փնտրելով արտերկրում, սակայն Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում այսօր էլ պատրաստում են կամրջաշինարարների։ Այլ հարց է, թե այս մասնագիտացումը ստացող շրջանավարտներին որքանով է հաջողվում սեփական երկրում կիրառել իրենց մասնագիտական կարողություններն ու գիտելիքները։
Մկրտիչ Մինասյանը խորհուրդ է տալիս սպասվող մեծածավալ շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախ հաշվառել նաև այդ ոլորտում գործող տեղական ընկերությունների արտադրական կարողությունները։
Ի դեպ

Հայաստանում կամրջաշինության ոչ այնքան լավ վիճակի մասին հայտարարվել էր դեռ 2022թ–ին, երբ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր 2019-ին Երևան-Սևան մայրուղու վրա պատգամավորի դեմ մահափորձի ժամանակ պայթեցված կամրջի` ավելի քան 3 տարի ձգվող շինարարության ավարտի ժամկետների մասին։ Ի պատասխան տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Հայաստանում կամուրջների շինարարությունը լուրջ խնդիրների է բախվում, քանի որ չկա որևէ արտադրամաս, որտեղ պատրաստի ինչ–որ բաներ լինեն արտադրված, որ երբ կամուրջը քանդեն, գնան-բերեն, սկսեն տեղադրել։

«Շատ կազմակերպություններ կան, որ արտադրում են երկաթբետոնե միաձույլ տարբեր կոնստրուկցիաներ։ Աշխատանքները կարճ ժամանակում անելու համար պետք է հասկանալ, թե ովքեր ինչ հնարավորություններ ունեն։ Այն, որ ունեն, ես չեմ կասկածում, բայց հարկավոր է ամեն ինչ շատ արագ ու որակով կազմակերպել»,– ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ կառավարության մայիսի 30–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աղետի գոտու քանդված կամուրջների հարցում ՀՀ կառավարությունը մտադիր է դիմել միջազգային գործընկերների օգնությանը։
Հավելենք, որ ՀՀ–ում կամրջաշինության հարցով վերաբերող ծրագրերը միայն բնական աղետով չեն պայմանավորված։ Դեռ 2022թ–ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի` Սիսիանից դեպի Քաջարան նոր ճանապարհահատվածի նախագծով նախատեսվում է կառուցել 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 12 կմ-ից ավելի 5 թունել, և շինարարական այդ բարդ ու ծավալուն աշխատանքն իրականացնելու հարցում իշխանությունն ի սկզբանե հույսը կապել է արտերկրի շինարարական կազմակերպությունների հետ։ Սանոսյանը ծրագիրը ներկայացրել էր ՀՀ–ում ներկայացված դիվանագետներին` նրանց առաջարկելով կառավարության հայտարարած միջազգային մրցույթի մասին իրազեկել իրենց երկրներում գործող շինարարական խոշոր ընկերություններին։