Հանրապետության հրապարակ բերված կարմիրբերետավորները ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ

Իրավիճակը լարվեց, երբ քարշակով փորձում էին դուրս բերել բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ավտոմեքենան։
Sputnik
Երևանի Հանրապետության հրապարակում իրավիճակը պարբերաբար լարվում է ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ հայտարարեց, որ առավոտյան 10։30 հավաքվելու են կառավարության շենքի մոտ, քանի որ ժամը 11-ին գործադիր մարմնի նիստն է։ Վաղ առավոտից կառավարությունը բոլոր կողմերից շրջափակվել էր ոստիկանական շղթայով։ Բագրատ սրբազանն ասել էր, որ եթե ոստիկանները կարգելափակեն ավտոմեքենաների ճանապարհը, պարզապես անջատեն շարժիչը և դուրս գան մեքենայից։ Վարորդներն այդպես էլ անում էին՝ կաթվածահար անելով Հանրապետության հրապարակի շարժը։
Քիչ առաջ նաև կարմիրբերետավորները բերվեցին հրապարակ։ Իրավիճակը լարվեց, երբ քարշակով փորձում էին դուրս բերել բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի` հրապարակում կայանած ավտոմեքենան։ Կամիրբերետավորները սկսեցին քաղաքացիներին հրելով հեռացնել այդ հատվածից, ինչի հետևանքով հրմշտոց, քաշքշուկ սկսվեց։ Կադրերում երևում է, որ հրմշտոցի մեջ նաև կանայք կան։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։