ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հեղեղումներից հետո Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում, որոնք մեկուսացման մեջ են հայտնվել, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր դեֆիցիտ այս պահին չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Փոքր Այրումում գտնվող բնապահպան, Ալավերդիի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ Ալավերդի համայնքում 9 բնակավայր կա, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր։ Արգելափակված են Ախթալա, Շամլուղ, Բենդիկ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ, Շնող, Թեղուտ բնակավայրերը։
«Այս պահին սննդի մատակարարման սուր դեֆիցիտ չկա։ Այսօր ամենագնացներով այլընտրանքային ճանապարհով սնունդ է մատակարարվել դեպի համայնք։ Այս պահին այլընտրանքային ճանապարհն է բարելավվում, վերանորոգվում, մաքրվում, որպեսզի այնտեղով կարողանան մատակարարումներ անել։ Եթե դա չարվի, ապա մոտ 2-3 օրվա ընթացքում խնդիրը կսրվի, որովհետև շատ ընտանիքներ չունեն պահեստավորած ապրանքներ»,– նշեց Դուլգարյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին բնակավայրերի ամենամեծ խնդիրը հաղորդակցությունն է, դիզվառելիքն է գրեթե սպառվում, քանի որ Ալավերդի համայնքի գյուղերում գազալցակայաններ և բենզալցակայաններ չկան։ Դուրգարյանը նշեց, որ գյուղերում խանութները դեռ աշխատում են։
Նա անդրադարձավ նաև էլեկտրականության, գազամատակարարման և ջրամատակարարման հարցին։
«Էլեկտրականությունը կա, գազամատակարարումը մասնակի է, որոշ բնակավայրերում էլ կարծես թե անջատված է։ Ջրի խողովակը վնասվել է, բայց ամբարներում պահեստավորված է, այնպես որ գյուղերում ջուրը կա»,– ասաց բնապահպանը։
Հիշեցնենք` ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր հայտնել է նաև, որ կարելի է 5 գոտի առանձնացնել, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել:
Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին (ընդհանուր մոտ 2,5 կմ), և այդ կապը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջվի:
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում: