Փաշինյանը մոմ է վառել Ոսկեպարի եկեղեցում

Սահմանազատումից հետո սահմանագիծը Սուրբ Աստվածածին եկեղեցուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում վարչապետը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են եկեղեցու մոտ նրան դիմավորում ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԱԾ և սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ և այլք։
Փաշինյանը մտնում է եկեղեցի և մոմ վառում։
Նշենք, որ սահմանազատման հետևանքով նոր սահմանագիծը, ըստ հրապարակված քարտեզների, Սուրբ Աստվածածին եկեղեցուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է լինելու։ Ներկայում դեպի եկեղեցի տանող ճանապարհը փակ է քաղաքացիների համար։
Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը հանդիպել էր բաղանիսցիների հետ։ Գյուղի դպրոցում կայացած հանդիպմանն արգելեցին լրագրողների մուտքը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։
Չնայած բնակիչների դժգոհություններին, մայիսի 24–ին հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, ըստ հաղորդագրության, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով։