ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի անդամ որ 2 երկրներին նկատի ուներ՝ հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իմիտացիա են արել, թե աջակցում են հայկական կողմին, մինչդեռ իրականում աջակցել են Ադրբեջանին։
«Փաստինֆոյի» հարցին, թե որ երկրները նկատի ուներ վարչապետը, Բաղդասարյանը պատասխանել է, որ վարչապետի խոսքին ավելացնելու ոչինչ չունեն։
Լրատվամիջոցը խնդրել է անդրադառնալ նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որում նա Փաշինյանին հորդորել էր նշել այդ երկրների անունները։
«Տիկին Զախարովայի vis- a-vis-ն ԱԳՆ-ի իմ գործընկերն է։ Նկատի ունեմ՝ մեկնաբանության համար դիմեք ԱԳՆ խոսնակին»,– պատասխանել է ՀՀ վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ–ի վերաբերյալ այդ հայտարարությունն արել էր ԱԺ–ում մայիսի 22-ին։
Այդ հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել այդ երկրների անունները, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է։