ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում ջրաներկի տուփի մեջ հաշիշի յուղ է թաքցվել․ ՊԵԿ բացահայտումը

Թաքցված թմրամիջոցը հայտնաբերել է հատուկ վարժեցված շունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ԱՄՆ-ից Հայաստան փորձել են թմրանյութ ներմուծել՝ այն թաքցնելով միջազգային առաքանու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ մաքսային հսկողության գոտում հատուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ:
Առաքանին մաքսային զննման է ենթարկվել:
«Արդյունքում, ծանրոցում առկա գրենական պիտույքներից և հագուստից բացի, հայտնաբերվել է նաև ջրաներկի տուփ, որի մեջ տեղադրված 8 սրվակից հայտնաբերվել է 604 գրամ ընդհանուր քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի դեղնավուն և շագանակագույն զանգվածներ»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Թմրամիջոցը փոխարինվել է նմանատիպ այլ զանգվածով, և առաքանին ստանալուց հետո ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացիներ՝ Յ.Գ-ն և Ս.Խ.-ն։
Պարզվել են նաև առաքանին Հայաստան ուղարկող անձի տվյալները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` ապօրինի թմրաշրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղությամբ: