Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքը կարող է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պրոքսի պատերազմի վերջակետը դնել ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում: Կրեմլի քաղաքական կամքը, ռուսական առաքման միջոցների տեխնոլոգիական մակարդակը, հատուկ զինամթերքի քանակն ու որակը երաշխավորում են սահմանված նպատակների իրագործումը։
Ռուսաստանի հարավում մայիսի 21-ին սկսվել է զորավարժությունների առաջին փուլը՝ մարտավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական մշակմամբ, որը ներառում է մինչև 5500 կմ հեռահարության և մեկ մարտագլխիկի՝ մինչև 300 կիլոտոննա տրոտիլային համարժեքով խոցման միջոցներ: Առաջին փուլում ներգրավված են համապատասխանաբար մինչև 500 կմ և 2000 կմ հեռահարությամբ «Իսկանդերներ» և «Կինժալներ»։
Աննախադեպ զորավարժությունները ղեկավարում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը։ Սա ոչ թե վերացական քաղաքական «ազդանշան» է, այլ հակառակորդին միջուկային հարվածի կոնկրետ նախապատրաստում, մարտական տեղակայման դետալների մշակում և նպատակադրման իրականացում։ Մոսկվան համարժեք է արձագանքում Արևմուտքի «գարնանային սրացմանը» և սպառնալիքներին։
Ամերիկյան Newsweek ամսագիրը չի հերքում, որ Ռուսաստանի ԶՈւ մարտավարական միջուկային զորավարժությունները հրահրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հրթիռների մատակարարումը: The Hill պարբերականը կարծում է, որ ռուսական զորավարժությունները «կսրեն լարվածությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»: Էլ ո՞ւր:
Խաղաղության խիստ պարտադրանք
The New York Times թերթը հաղորդում է. «Ռուսաստանը մարտավարական միջուկային զորավարժություններ է սկսում՝ որպես նախազգուշացում Ուկրաինայի դաշնակիցներին... Դա միջուկային հարկադրանքի ակնհայտ փորձ է»: Իսկապես, առաջնային նպատակները Ուկրաինայի ԶՈւ օբյեկտները չեն։
The Sun-ը հուսահատ գրում է. «Բրիտանական ՀՕՊ-ն անզոր է ռուսական հրթիռների առաջ, որոնք 90 րոպեում կարող են հասնել Լոնդոն»:
Կոորդինատների նոր համակարգը
Ամերիկացի գիտնականներն ապրիլին հաշվել են, որ Ռուսաստանն ունի 5580 միջուկային մարտագլխիկ, ԱՄՆ – ն՝ 5044 միավոր, Ֆրանսիան՝ 290, Մեծ Բրիտանիան՝ 225։
Մյուս կողմից, Բելառուսի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի համար անորսալի հիպերձայնային «Իսկանդերների» հեռահարությունն ու արդյունավետությունը թույլ են տալիս բելառուս մասնագետներին նշանառության տակ պահել Լեհաստանի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի ամբողջ տարածքը, էլ չասած Ուկրաինայի մասին: Այնպես որ, ՆԱՏՕ-ի բլիցկրիգը բացառվում է։ The New York Times-ը վհատված խոստովանում է. «Ռուսաստանի միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի փորձերը ձախողվել են»:
ԱՄՆ-ն փորձել և փորձում է համոզել ամբողջ աշխարհին, որ Ուկրաինայում իր ագրեսիվ քաղաքականությունը չի հանգեցնում Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հավանականության աճին: Սակայն Մոսկվան և Մինսկը պարբերաբար ոչնչացնում են ամերիկյան դիցաբանությունը, «գերիշխողին» և նրա հնազանդ խամաճիկներին վերադարձնում կոորդինատների նոր համակարգ։ Ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում Վաշինգտոնի շահերի համար մեռնել ցանկացողների թիվն ու որակը անընդհատ նվազում են։