Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին իրավական գնահատական կտրվի. Սեյրան Օհանյան

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ իշխանական կուսակցության պատգամավորն իրենց չի կարող վախեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին իրավական գնահատական կտրվի։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մեր կողմից կտրվի իրավական գնահատական և կնախաձեռնվի համապատասխան գործընթաց, որովհետև նման ելույթները որոշակի սպառնալիք են, և դրանք քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներից տարրեր են պարունակում»,- ասաց Օհանյանը։
Նա շեշտեց՝ Սուքիասյանը չի կարող իրենց վախեցնել, իսկ ներկա իրավիճակը ստեղծվել է գործող իշխանությունների մեղքով։
Կարող են ինձնից սկսել. Մամիջանյանը` Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների մասին
«Նրանք պետք է Քրեական օրենսգրքին համապատասխան պատասխան տան այն գործողությունների, ապօրինությունների, դավաճանությունների համար, որոնց հետևանքով Արցախն ու մեր երկիրն այս վիճակին են հասցրել»,- հայտարարեց Օհանյանը:
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մայիսի 22-ին ԱԺ–ում հայտարարեց` ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա։ Նա նշեց, որ տարիներ հետ գնալով կարող են տեսնել, թե Հայաստանը ղեկավարողներն ինչպես են վերաբերվել այն մարդկանց, որոնք մի օտար երկրի անուն են տվել կամ մի օտար երկրի հետ հարաբերություն ունեցել։ Սուքիասյանը վստահեցրեց, որ շատ վատ են վարվել՝ կա՛մ այդ մարդիկ բանտում են հայտնվել, կա՛մ այդ մարդիկ մահացել են, կա՛մ ունեզրկվել են։ Այնուհետև Սուքիասյանը կոչ արեց ընդդիմությանը չափերը ճանաչել, այլապես այն գործիքները, որ կիրառվել են 20 տարի շարունակ, կկիրառվեն հենց նրանց դեմ։