Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է իրանական դիվանագիտական առաքելություն ՝ ուղղաթիռի կործանման հետեւանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ:
Նա գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում:
«Նախագահն ու արտգործնախարարը հիշողության մեջ կմնան որպես Իրանի հավատարիմ քաղաքացիներ, ովքեր ձգտել են արդար աշխարհակարգի և անգնահատելի ներդրում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործընկերային և ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում ։ Սգում ենք անդառնալի կորստի համար» ։
Նշենք, որ վաղ առավոտից Հայաստանում Իրանի դեսպանության մոտ մարդիկ ծաղիկներ ու պսակներ են բերում։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։